Գլխավոր Ավելին

Ստամոքսաղիքային արյունահոսությունների ախտանիշները և վարման մեթոդները․ Նանե Զալինյան

Ստամոքսաղիքային համակարգից արյունահոսությունը էնդոսկոպիայի բաժանմունք դիմած պացիենտների հաճախ հանդիպող գանգատներից մեկն է: Էնդոսկոպիայի ծառայության բժիշկ-էնդոսկոպիստ Նանե Զալինյանը նշում է, որ այն հանդիսանում է կյանքին սպառնացող իրավիճակ և կարող է դրսևորվել հետևյալ ախտանիշներով՝

• Արյունային փսխումներ

• Կղանքում ձյութանման կամ թարմ արյան առկայություն

• Գունատություն, ընդհանուր թուլություն

• Ճնշման անկում

• Հաճախասրտություն

• Ցավ կրծքավանդակում

• Շնչառության դժվարացում

Նանե Զալինյանի խոսքով՝ ստամոքս-աղիքային էնդոսկոպիան համարվում է արյունահոսության ախտորոշման և վարման առաջնային մեթոդը։ Հատկապես ստամոքսաղիքային տրակտի վերին հատվածի արյունահոսությունները պահանջում են էնդոսկոպիկ միջամտություններ։

Բժիշկ-էնդոսկոպիստի խոսքով՝ տարբերակում են արյունահոսության վարիկոզային և ոչ վարիկոզային (առավելապես խոցային) ձևեր։ «Վարիկոզային արյունահոսությունը դիտվում է լյարդի քրոնիկ հիվանդության ժամանակ պորտալ հիպերտենզիայի (լյարդի անոթային համակարգում ճնշման բարձրացման) հետևանքով կերակրափողի և ստամոքսի վարիկոզ լայնացած երակներից։ Էնդոսկոպիկ բուժական մեթոդը էլաստիկ լիգավորումն է, որը զգալիորեն նվազեցնում է հետագա արյունահոսության ռիսկերը։ Ոչ վարիկոզային արյունահոսությունը` առավելապես խոցային արյունահոսությունը համարվում է ստամոքսի և 12մ-յա աղու խոցերի հաճախակի հանդիպող բարդություն»,-ասաց նա։

Նանե Զալինյանը նշում է, որ արյունահոսության ինտենսիվությունից կախված տարբերում են դադարեցման մի քանի էնդոսկոպիկ եղանակներ: Ժամանակակից էնդոսկոպիան համարվում է ստամոքս-աղիքային արյունահոսության դադարեցման հուսալի եղանակ, այլևս դեպքերի մեծամասնությունում փոխարինում է վիրահատական բուժական մեթոդին, նվազեցնում արյունահոսության կրկնման հավանականությունը:

Համալսարանական հիվանդանոցի էնդոսկոպիայի բաժանմունքը համարվում է էնդոսկոպիկ բարդ դեպքերի, այդ թվում՝ ատամոքս-աղիքային արյունահոսությունների ուղղորդման կենտրոն։

×
facebook sharing button facebook